ԱԳ նախարարը ՀՀ-ի համար առաջնահերթ է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և զարգացումը
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է կարգավորել և զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԳ նախարարը ի՞նչ հետագծով է ցանկանում տանել Հայաստանը՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանն անցնում է փոխակերպումների շրջան, հետխորհրդային տարածքի երկրներն անցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին։
«Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ հետ, միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը»,- ընդգծել է Միրզոյանը։