Ռուս-ուկրաինական հակամարտությունը խլել է 10 703 քաղաքացիական անձի կյանք
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 10 703-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Մոհամեդ Խալեդ Հիարին։
Նա նշել է, որ ՄԱԿ-ում մտահոգված են Ուկրաինայի արևելքում բնակելի շրջանների վրա հակամարտության տարածմամբ։
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերը գրեթե ամբողջությամբ ավերել են այն գյուղերը, ավաններն ու քաղաքները, որտեղ տարածվել է հակամարտությունը։
«Այդ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է 10 703 խաղաղ բնակչի մահվան։ Նրանցից 549-ը երեխաներ են ։ Վիրավորվել է 20 146 մարդ։ Մենք դատապարտում ենք բոլոր հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասել է Հիարին։