Հայաստանում քննարկվում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը․ ԱԳ նախարար
Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ թվում՝ Եվրամիությանը անդամակցության գաղափարը։
«TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե երբևէ մտածե՞լ են ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։
«Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»,- ասել է Միրզոյանը։