Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող, կերպարանափոխված հետախուզվողը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող քաղաքացուն։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովհաննես Աֆրիկյանը, ով այս տարվա փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․-ի 44-155 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Մարտի 1-ին Ծաղկաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա Խաժակ Թովմասյանին պատկանող բենզալցակայանում հայտնաբերվում է կերպարանափոխված Հ․ Աֆրիկյանը և բերման է ենթարկվում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Այս տարվա հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և ոստիկանության Մեծամորի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծամոր քաղաքում անհայտ անձը դանակահարել է Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Գևորգյանին։
Դեպքի վայր են մեկնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ էլ ճշտվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և պարզվում է, որ ժամը 01։40-ի սահմաններում Գ․ Գևորգյանը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Անահիտ Կ․-ի ընկեր, ոմն Հովոյի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ․ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ ոմն Հովոն հանդիսանում է Հ․ Աֆրիկյանը, ով նույն օրը իր քրոջ ամուսնու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով եկել է Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի նշված շենք, որտեղ նկատել է, որ իր ընկերուհու հետ զրուցում է Գ․ Գևորգյանը։
Նա մոտեցել է նրանց, ապա սկսել վիճաբանել, որի ժամանակ էլ գործի է դրել իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկան, ապա դեպքի վայրից դիմել է փախուստի։
Նույն օրը ոստիկանները հայտնաբերել են Հ․ Աֆրիկյանի քրոջ ամուսնուն և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ և օրեր անց Հ․ Աֆրիկյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ու մինչ վերջինս բնակության վայրում տեղեկություններ էին տարածվում, թե նա լքել է Հայաստանի սահմանը ու դժվար էլ նրան ոստիկանները կարողանան հայտնաբերել։