ԱԳՆ-ում կայացել է ՄԱԿ-ի մոդել համաժողով
Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված ՄԱԿ-ի մոդել համաժողովի ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ ներգրավվել են ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ՏնտՍոցԽորհ) հատուկ նիստի մոդելավորմանը’ նվիրված 2024թ. սեպտեմբերին կայանալիք Ապագայի գագաթնաժողովին։
Նիստի բացմանը ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Երիտասարդության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պոլիեն, որին հաջորդել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հատուկ նիստի մոդելավորումը՝ ՏնտՍոցԽորհ-ի անդամ երկրները ներկայացնող երիտասարդ պատվիրակների ելույթներով։
Հատուկ նիստին ընդառաջ ՄԱԿ մոդելի երիտասարդ մասնակիցները մեկ ամսվա ընթացքում ներգրավվել են ՄԱԿ համակարգի, Ապագայի գագաթնաժողովի և ընդունվելիք Ապագայի դաշնագրի, ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության և տարբեր երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ դասընթացներում, որոնց ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչները, ՀՀ ԱԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Դասընթացներից հետո ՄԱԿ-ի մոդել համաժողովի մասնակիցները նախագծել, բանակցել և կոնսենսուսով ընդունել են Երիտասարդության հռչակագիր, ինչը նրանց հնարավորություն է տվել ծանոթանալու բազմակողմ դիվանագիտության և միջազգային հարթակներում բանակցությունների նրբություններին ու դիվանագետի աշխատանքի առանձնահատկություններին։
Ամփոփելով ՄԱԿ ՏնտՍոցԽորհ-ի հատուկ նիստի արդյունքները՝ տեղի է ունեցել երիտասարդ պատվիրակներին մասնակցության վկայականների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։
ՄԱԿ-ի մոդել համաժողովի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան փորձաշրջան անցնելու ԱԳ նախարարությունում և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, իսկ ծրագիրը կկրի շարունակական բնույթ։