OpenAI-ն արձագանքել է Իլոն Մասկի դատական հայցին
OpenAI-ն արձագանքել է Մասկի հայցին և խոսել ընկերության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա փորձերի մասին, հայտնում է Reuters-ը:
OpenAI-ի ղեկավարները հրապարակել են Իլոն Մասկի հայցի պատասխանը՝ կցելով հատվածներ միլիարդատիրոջ հետ նամակագրությունից: Նրանցից հետևում է, որ Մասկն, ի թիվս այլ բաների, խնդրել է իրեն փոխանցել ընկերության կառավարումը և առաջարկել այն միացնել Tesla-ին։ Նա նաև աջակցել է OpenAI-ի առևտրայնացման ծրագրերին և պնդել, որ այն միլիարդավոր դոլարներ կհավաքի Google-ի հետ մրցակցության համար:
Հայտարարության հեղինակների թվում են OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, ընկերության համահիմնադիրներ Գրեգ Բրոքմանը, Իլյա Սուցկվերը և այլք։
OpenAI-ի հրապարակած նյութերից հետևում է, որ Ալթմանը և Բրոքմանն ի սկզբանե ծրագրել են 100 միլիոն դոլարի ֆինանսավորում հավաքել, սակայն Մասկը համոզել է նրանց 1 միլիարդ դոլարի նպատակ դնել՝ Google-ի հետ մրցակցելու համար։ Միաժամանակ, միլիարդատերը նամակում նշել է, որ կտրամադրի պակասող գումարը։ Արդյունքում՝ OpenAI-ը ներգրավել է մոտ 130,5 միլիոն դոլարի ներդրում, որից Մասկը ներդրել է 45 միլիոն դոլարից պակաս գումար, իսկ ավելի քան 90 միլիոն դոլարը տրամադրվել է այլ ներդրողների կողմից։
Ըստ OpenAI-ի ղեկավարների՝ 2017 թվականին նրանք եզրակացրել են, որ կպահանջվեն «միլիարդավոր դոլարներ»՝ արհեստական ընդհանուր ինտելեկտի (AGI) ստեղծման իրենց առաքելությանը հաջողությամբ իրականացնելու համար, իսկ այդ գումարը դժվար թե հավաքվի որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն: Հետո Մասկի հետ սկսել են քննարկել կոմերցիոն կառույցի ստեղծման հարցը։ Ըստ OpenAI-ի ղեկավարների՝ միլիարդատերը խնդրել է իրեն փոխանցել OpenAI-ի վերահսկիչ բաժնետոմսերը, տնօրենների խորհրդի վրա վերահսկողություն, ինչպես նաև իրեն դարձնել գործադիր տնօրեն: Բանակցությունների ընթացքում Մասկը դադարեցրել է ֆինանսավորումն, ու արդյունքում OpenAI-ը հրաժարվել է վերահսկողությունը փոխանցել նրան։
Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի և նրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ։ Իլոն Մասկը պնդել է, որ OpenAI-ի բազմամիլիարդանոց դաշինքը Microsoft-ի հետ խախտել է նորաստեղծ ընկերության սկզբնական առաքելությունը, այն է՝ մշակել արհեստական բանականության համակարգեր ի շահ մարդկության: