Ադրբեջանը ոչ միայն քանդել է Արցախի ԱԺ-ի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը, այլև Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները
Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
«Ադրբեջանցի վանդալները ոչ միայն շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը այլ նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Լուսանկարները տրամադրել է Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը»,-գրել է նա։