Ճապոնիայի դեսպանը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվել է, թե որ ոլորտում արդյունավետ կլինի հայ-ճապոնական համագործակցությունը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
«Ողջունելով դեսպանին՝ շնորհավորեցի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեցի Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում և Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար։
Ապա զրույց ծավալվեց Գեղարքունիքի մարզի տնտեսության, զբոսաշրջային գրավչությունների, հայ-ճապոնական համագործակցության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած բնակչության աջակցության ու հետագա կարիքների գնահատման, ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող զարգացման ծրագրերի, այլ թեմաների շուրջ։
Աոկի Յուտական հետաքրքրվեց, թե Գեղարքունիքի մարզի կենսագործունեության որ ոլորտում հեռանկարային ու արդյունավետ կարող է լինել հայ-ճապոնական համագործակցությունը, որտեղ կկարողանա իր բաժին մասնակցությունն ունենալ նաև Ճապոնիայի կառավարությունը։
Տեղեկացրի, որ մենք ծրագրել ենք կառուցել նոր հիվանդանոց և բուժամբուլատորիաների շենքեր, որտեղ կարող ենք ունենալ իրենց փորձի և առողջապահական բարձրակարգ ու ժամանակակից տեխնիկական միջոցների կարիքը։ Կարող ենք համագործակցել նաև զբոսաշրջության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Կարծում եմ, որ մեր հետագա համագործակցության համար այս հանդիպումը կլինի անկյունաքարային, իսկ առաջիկայում մեր համատեղ քննարկումները կվերածվեն համագործակցության լուրջ ծրագրերի»,- գրել է նա։