ՆԳ նախարարությունում քննարկվել են ազատությունից զրկված անձանց ուղեկցման և պահպանության խնդիրներին վերաբերող հարցեր
Մարտի 7-ին Ներքին գործերի նախարարությունում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Դատական դեպարտամենտի և ՆԳՆ ոստիկանության պատասխանատու ծառայությունների ներկայացուցիչներ։
Հիմքում ունենալով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ոլորտային բարեփոխումների շրջանակներում պետական տարբեր կառույցներում գործառույթների հստակեցման, կրկնությունների բացառման կարևորությունն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորումը՝ քննարկման նպատակն էր միասնական և փոխհամաձայնեցված դիրքորոշում ձևավորել՝ ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցման, պահպանման, այդ թվում՝ ուղեկցման դեպքում սննդի և հիգիենայի ապահովման գործընթացում ներգրավված պետական տարբեր մարմինների գործառույթների հստակեցման և տարանջատման վերաբերյալ։
Մասնակիցները համակարծիք էին, որ ուղեկցման և պահպանության ոլորտում գործառույթների ներկայիս ոչ հասցեական բաշխվածությունը և օրենսդրական առկա լուծումներից չբխող պրակտիկան ՆԳՆ ոստիկանության համար առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն և չի բխում ՀՀ կառավարության որդեգրած ոլորտային գործառույթների որոշակիացման մոտեցումից։
Հանդիպմանը նախորդած աշխատանքային քննարկումների և հանդիպման ընթացքում հնչած տեսակետների համադրմամբ, որպես ամփոփում, ընդունելի մոտեցում է ձևավորվել առ այն, որ՝
ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցման ու պահպանման գործընթացում, որպես պետական մարմինների գործառույթների սահմանազատման սկզբունք, պետք է հիմք ընդունվի այն հանգամանքը, թե նշված անձինք, որ մարմնի շահառու են հանդիսանում տվյալ փուլում։ Ըստ այդմ, ձևավորվել է մոտեցում, որ վերջնարդյունքում ձերբակալվածների ուղեկցումը պետք է իրականացվի ՆԳՆ ոստիկանության, կալանավորված և դատապարտյալների ուղեկցումը՝ Քրեակատարողական ծառայության կողմից։
Նշված ծառայությունների կողմից դատարան ներկայացված ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանությունը, այդ պահից մինչև վերջիններիս դատարանում գտնվելու անհրաժեշտության վերացումը, պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կողմից։
Դատարանում պահպանության տակ գտնվելու ընթացքում պետք է երաշխավորվի անձի սնվելու և այլ վերաբերելի իրավունքները։
Պետք է մշակվեն դատարանում առկա խցերի տիպային մոդելն ու չափանիշները՝ առկա և նոր դատարանների համար հնարավոր լուծումներով, ու դրանցում ազատությունից զրկված անձանց պահելու իրավական ռեժիմները։
Քննարկման ընթացքում օրակարգային հարցի համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր պետական մարմին սեղմ ժամկետում կգույքագրի նշված սխեմայի իրականացման համար կազմակերպական, իրավական, հաստիքային, կադրային վերապատրաստման և այլ հնարավոր կարիքները, որոնց հիման վրա կկազմվի գործընթացի կենսագործման հստակ ծրագիր և կներկայացվի Կառավարություն։ Ըստ մշակման ենթակա ժամանակացույցի՝ կհստակեցվեն նաև հնարավոր միջանկյալ ժամանակամիջոցում լուծումները։