«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․ Գարեգին Խումարյանը կմասնակցի ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթին
Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավար Գարեգին Խումարյանի գրառումը․
«Խոսք շնորհակալության և բացարձակ երջանկության
Հայաստանի Հանրային Ռադիոընկերության փառապանծ կոլեկտիվն է: Այնքան շատ ենք, որ Ընկերության շենքի դահլիճներից, ստուդիաներից, փորձասրահներից և ոչ մեկում չենք տեղավորվում և ստիպված շենքից դուրս ենք դահլիճ վերցրել:
Մի ամսից պայմանագիրս ավարտվում է, ու, թեև մամուլի մեր գործընկերներին մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կուզեի մնալ, անկեղծ ասած, ապագաս ինձ համար փոքր-ինչ մշուշոտ էր: Հատկապես վերջին շրջանում հաճախ եմ լսում «բա հետո ի՞նչ ես անելու» հարցը:
Այսօր այդ հարցի պատասխանը վերջնականապես և անտարընթերցելիորեն ստացել եմ գործընկերներիցս: Փակ գաղտնի քվեարկությամբ «փրայմերիզի» պես մի բան էինք արել, որի ընթացքում ընկերության աշխատակիցների 99,3%-ն ասել է «պիտի մասնակցես և հաղթես» հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար շուտով հայտարարվելիք մրցույթում:
Ձայների հաշվարկը Ընկերության ամենաջահել աշխատակիցներն էին անում: Հարցնում եմ՝ գործընկերներ, հաշվապահությունից մարդ կա՝ էրեխեքին օգնի տոկոս հաշվեն: Պատասխանում են՝ ոնց որ թե կարիք չկա: Երկու ձայն կա միայն «դեմ»:
Եվ այսպես՝ Ընկերությունում շուրջ 340 մարդ է աշխատում: Քվեարկությանը մասնակցել է 297-ը` աշխատակիցների 87%-ը: Թեև ժողովը ժամը վեցից հետո էինք արել, ռադիոն շուրջօրյա ռեժիմով է աշխատում, ու մարդկանց մի մասը պիտի տեղերում մնար: Վերջը՝ ստացել եմ 295 ձայն:
Պիտի շատ անկեղծ ասեմ. ներքին որոշում ունեի ութսուն տոկոսից ցածր աջակցություն ստանալու դեպքում նույնիսկ չփորձել ու գնալ նոր աշխատանք փնտրելու: Այն էլ 99,3:
Էլի շատ անկեղծ՝ այնպես չի, որ ես չեմ ուզում, և գործընկերներիս սրտով եմ գնում: Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա: Կարիերայի առումով չկա որևէ բան, որ ավելի շատ կուզեի անել, քան այս Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելը:
Ռադիոյի սիրելի մարդիկ, շնորհակալ եմ, որ այն եք՝ ինչ եք: Երբեք չփոխվեք: Երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ:
Սույնով պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի շուտով հայտարարվելիք մրցույթին մասնակացնելու, այդ մրցույթում հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին»: