Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Սլովենիան լավագույնս կներկայացվի Հայաստանում: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա։
«Այս տարի Հայաստանը և Սլովենիան կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Սա լավ առիթ է նշանավորելու մեր երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորումը, բարեկամական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը տարբեր բնագավառներում՝ հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:
Հանրապետության նախագահն ի դեմս դեսպանի շնորհակալություն է հայտնել Սլովենիայի կառավարությանը և ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական օգնության համար:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու շուրջ: Կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունների խթանումը, ինչը դրականորեն կնպաստի փոխգործակցության հետագա ընդլայնմանը: