Իսրայելը կարող է պատերազմ սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ, եթե մինչև մարտի 15-ը համաձայնություն ձեռք չբերվի․ The Times of Israel
Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման հետ կապված թերթերից մեկը գրել է, որ Իսրայելի իշխանությունները Լիբանանի հարավից շարժման ուժերը հեռացնելու համար մինչև մարտի 15-ը վերջնաժամկետ են տվել, որից հետո պատրաստ են սահմանային բախումները վերածել պատերազմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:
Միևնույն ժամանակ, ըստ հրատարակության, մարտի 6-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տարածաշրջանում ԱՄՆ հատուկ պատվիրակ Էյմոս Հոքստայնին հայտնել է, որ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի գրոհները շարունակելն ավելի ու ավելի հավանական է դարձնում Լիբանանում ռազմական գործողություններ սկսելու մասին որոշումը:
Հոքստայնն իր հերթին այն կարծիքին է, որ Իսրայել-Լիբանան սահմանին փոխադարձ հարվածները հնարավոր չէ դադարեցնել, քանի դեռ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնություն ձեռք չի բերվել։ Ըստ Al Akhbar պարբերականի, որը վկայակոչում է իր աղբյուրները, Վաշինգտոնում նաև այն կարծիքին են, որ խնդիրը լուծելու համար հարկավոր է կարգավորել սահմանային վեճերը, ինչպես նաև Լիբանանի հարավում տեղակայել երկրի զինված ուժերի ստորաբաժանումներ: