Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան. Արարատ Միրզոյան
Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ խոսելով հայ-ադրբեջանական բանակցություններից և հայ-թուրքական սահմանի բացումից:
«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը մեծանան»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երկու երկրներ այցելող ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, այլ նաև Հայաստանի և Թուրիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններից՝ Միրզոյանը հայտարարել է, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ:
Վերջինիս խոսքով՝ այդ խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերին։
Միրզոյանը կրկնել է, որ կողմերն առաջին հերթին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նշել. «Սահմանազատման գործընթացը, որը նախատեսում է սահմանների որոշում և գծում, պետք է լինի Ալմաթիի հռչակագրի շրջանակներում»։
Արարատ Միրզոյանը հայտարարել է նաև, որ հեռախոսազրույցներ են եղել Էրդողանի և Փաշինյանի միջև.
«Կա մշտական շփում, և դրանք դրական դինամիկա են ապահովում»,- ասել է նա: