ԵՄ-ի համար անվտանգության ոլորտում գլխավոր թեման Ուկրաինան է, որին ԵՄ-ն պետք է է՛լ ավելի շատ զենք և գումար փոխանցի․ Ֆոն դեր Լայեն
Եվրամիությունը պետք է լայնորեն սկսի նոր սերնդի զենքերի արտադրությունը մարտի դաշտում հաղթանակի համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում, որտեղ նա պետք է հաստատվի որպես ԵԺԿ-ի թեկնածու նոր կազմի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:
«ԵՄ-ն պետք է ապահովի նոր սերնդի զենքի արտադրությունը, որն ունակ կլինի հաղթելու մարտի դաշտում, և Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այն կուսակցությունն է, որը կարող է առաջ տանել Եվրոպան՝ ունակ պաշտպանելու իրեն: Մենք պետք է Եվրահանձնաժողովի նոր կազմում նշանակենք պաշտպանության հարցերով հատուկ հանձնակատարի․ դա Եվրոպական ժողովրդական կուսակցության խոստումներից մեկն է», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ի համար անվտանգության ոլորտում գլխավոր թեման Ուկրաինան է, որին ԵՄ-ն պետք է է՛լ ավելի շատ զենք և գումար փոխանցի։
«Բարգավաճումն անհնար է առանց անվտանգության: Եվ անվտանգության ոլորտում ԵՄ-ի համար գլխավոր թեման Ուկրաինան է: Մենք ուս-ուսի տված կկանգնենք նրա կողքին այնքան, որքան պահանջվի՝ տրամադրելով նրան ավելի շատ գումար և զենք», - ասել է ֆոն դեր Լայենը։