ՀՀ-ն ծանուցել է ՌԴ-ին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական սահմանապահների կարիքը չի զգում. Միրզոյան
Հայաստանը ծանուցել է Ռուսաստանին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության համար այլևս ռուսական կողմի աջակցության և մասնակցության կարիք չի զգում։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցին։
«Ընդգծեմ, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը և նախատեսված է եղել այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով։
Եվ հիմա կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին»,-նշեց Միրզոյանը։
ԱԳ նախարարը ենթադրում է, որ ՌԴ-ին ուղարկված ծանուցումը բավարար կլինի ռուսական կողմի համար և հարցը այդքանով կլուծվի։
«Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս ռուսական կողմի աջակցության և մասնակցության կարիք չի զգում՝ շնորհակալություն հայտնելով նրանց»,-եզրափակեց Միրզոյանը։