Ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը. Թունյան
ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ:
Ինչպես տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, նախագծի ընդունվելու դեպքում ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ըստ հայեցողության՝ մինչև դեկտեմբերի 1-ը։
«Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ՝ հունվարին կամ փետրվարին, և գույքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»,- նշված է պատգամավորի գրառման մեջ: