Հայաստանի ղեկավարությունը անում է այն, ինչի մասին մենք նախազգուշացնում էինք․ Զատուլին
Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ կապերը, «Ռիա Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ արձագանքելով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու «անհրաժեշտության» մասին Հայաստանը պաշտոնապես ծանուցել է Ռուսաստանին։
«Հայաստանի ղեկավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ կապերը, առիթներ է փնտրում, նրանց մի քայլին մյուսն է հաջորդում, դա համապատասխանում է նրանց վարած քաղաքականությանը։
Կարծում եմ՝ «Զվարթնոցով» ամեն ինչ չի ավարտվի։ Ինչ էլ հիմա ասեն, նրանք, միևնույն է, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին մենք նախազգուշացնում էինք․ օրինակ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը։
Իսկ դրանից հետո էլ Գյումրիում ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը կբարձրացնեն»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։