Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը
Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այսօր այդպիսի հարց չի քննարկվում»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
Փաշինյանը նշել էր, թե «շատ իրադրություններ կան, որոնք ՀՀ-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան են ձևավորվել՝ հայտնի իրադարձությունների բերումով»։
«Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն»,-ասել էր Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը։
«ԵՄ-ն այնտեղ հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն է ու չի կարողացել կանխել»,- ասել էր Գրիգորյանը։