Ելենա Զելենսկայան մերժել է Վաշինգտոնի հրավերը՝ ներկա լինելու Բայդենի ուղերձին
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան չի ընդունել Վաշինգտոնի հրավերը՝ ներկա լինելու նախագահ Ջո Բայդենի՝ Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ամենամյա ուղերձին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Վաշինգտոնի հրավերը վերջերս են ստացել, երբ Զելենսկայան իր ժամանակացույցում արդեն այլ միջոցառումներ ուներ, «ներառյալ՝ այցելությունը մանկատան երեխաներին»:
The Washington Post-ը գրել է, որ Զելենսկայան պետք է նստեր ռուս քաղաքական գործչի այրու՝ Յուլյա Նավալնայայի կողքին:
BBC-ն էլ նշում է, որ ուկրաինական հասարակությունը հակասական վերաբերմունք ունի Ալեքսեյ Նավալնու նկատմամբ, որը դատապարտել էր 2022 թվականի փետրվարի 24-ի պատերազմը, սակայն մինչ այդ դեմ է արտահայտվել Ղրիմն Ուկրաինային վերադարձնելուն։ Ըստ լրատվական ծառայության՝ Ուկրաինայում ոչ բոլորին է դուր գալիս, որ իրենց երկիրը ցանկացած համատեքստում ասոցացվում է Ռուսաստանի հետ, ինչպես դա եղավ, օրինակ, 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի իրավապաշտպաններին շնորհելու դեպքում: