Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը կարևորել է իր գլխավորած պատվիրակության առաջիկա այցը Հայաստան
Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և գործադիր տնօրեն Ջեյն Հեբներին։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիայի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և կարևորել Ասոցիացիայի առաքելությունը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու համատեքստում:
Գլխավոր դատախազն ընդգծել է Ասոցիացիայի կողմից կազմակերպվող տարեկան ու ընթացիկ համաժողովները և յուրաքանչյուր տարի հրապարակվող պարբերականը, որում ներառվում են նաև ՀՀ դատախազների հեղինակած գիտական հոդվածները:
Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան և գործադիր տնօրեն Ջեյն Հեբները բարձր են գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ առկա համագործակցության մակարդակը և կարևորել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության առաջիկա այցը Հայաստան: