Լիբանանն ու Իսրայելը բանակցություններ կսկսեն Ռամադանի շրջանում հրադադարի շուրջ
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ կառավարությունը ջանքեր է գործադրում՝ մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում խաղաղություն հաստատելու երկրի հարավային սահմանին, որտեղ իսրայելական զորքերը և շիաների «Հեզբոլլահ» շարժման զինյալները հարվածներ են հասցնում միմյանց, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ամերիկացի միջնորդ Էյմոս Հոքստայնի նախաձեռնությանը համապատասխան` Լիբանանը և Իսրայելը կսկսեն անուղղակի բանակցություններ հարավային ճակատում Ռամադանի ընթացքում հրադադարի շուրջ, - ասել է նա Al Jadeed հեռուստաալիքին։ - Ժամկետները կհստակեցվեն առաջիկա 48 ժամում՝ բոլոր մանրամասնությունների պարզաբանումից և Գազայի հատվածում զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո»։
Վարչապետի խոսքով՝ «սահմանին կայունություն հաստատելու համար Իսրայելը պետք է դադարեցնի թշնամական գործողությունները, որոնք խախտում են Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ազատի այն սահմանային տարածքները, որոնք մնում են նրա վերահսկողության ներքո 2000 թվականի տարհանումից հետո»։
Մարտի 4-ին Միքաթին Բեյրութում բանակցություններ է վարել ԱՄՆ գլոբալ էներգետիկ անվտանգության խնդիրներով Պետքարտուղարության ավագ խորհրդական Էյմոս Հոքստայնի հետ, որը միջնորդ է հանդես գալիս Լիբանանի և Իսրայելի միջև սահմանային վեճերի կարգավորման հարցում: Ամերիկացի հանձնակատարը հանդիպումից հետո ասել է, որ «սահմանին հրադադարի ռեժիմի վերականգնման համար անհրաժեշտ են անվտանգության միջոցներ, որոնք կերաշխավորեն տեղահանվածների վերադարձն իրենց տներ»։
Ըստ Naharnet լրատվական հարթակի՝ ԱՄՆ միջնորդը Լիբանանի կառավարությանն է փոխանցել մի ծրագիր, որը նախատեսում է «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումների դուրսբերում Լիտանի գետից այն կողմ և Լիբանանի բանակի 15 հազար զինծառայողների տեղակայում Իսրայելի հետ սահմանին, որոնց կաջակցեն Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը:
Ինչպես նշել է Միքաթին, ամերիկյան առաջարկները ներառում են հարավային շրջանների վերականգման ծրագրի մշակում, որը կֆինանսավորեն արաբական պետությունների և արևմտյան երկրների դոնորները: