Հայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննիչների համար
Հայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը քննարկվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում։
Կառավարությունն առաջարկում է իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերի աստիճանական զարգացմանը, ինչպես նաև նոր ինստիտուտների ներդրմանը։ Նախագծով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության ներկայիս կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաև ներդնել 30 նոր կարգավորումներ ուղղված դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն ապահովելուն։Այսպիսով՝ դատավորների, դատախազների և քննիչների համար կնախատեսվեն բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգեր:
«Մենք չենք ունենալու որևէ սուբյեկտ դատախազությունում, քննչական կոմիտեում կամ դատարաններում, որի բարեվարքությունը երբևիցե չի ստուգվել։ Սա կարևորագույն հակակոռուպցիոն էլեմենտներից մեկն է, որը ներդնում ենք օրենսդրության մեջ։ Ողջունելի են նաև այլ կարգավորումները, մասնավորապես, թե ինչ է տեղի ունենում, երբ անձին տրվում է բացասական եզրակացություն, ինչպես է դա հանգեցնում համապատասխան ծառայողական քննությանը, ինչ պարագաներում և ինչ չափանիշներից ելնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է տալ բացասական եզրակացություն։
Նախագծով ամփոփում ենք դատավորների և դատաիրավական մարմինների բարեվարքության այն ոդիսականը, որը սկսվել էր դեռևս 2019 թվականին՝ չբացառելով, որ հետագայում ևս լրացուցիչ փոփոխություններ կարող ենք անել այն նախագծերում, որոնք ավելի կընդգծեն հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։