Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի 450 փաթեթ, փոշենման զանգված ու դեղին թանձր հեղուկ
Փետրվարի 29-ին Ստեփանավանի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ «Շևրոլե վոլտ» մակնիշի մեքենայով Ստեփանավան քաղաքի տարբեր տեղերում թմրամիջոց են տեղադրում և բջջային հեռախոսով նկարահանում թաքստոցները:
Ստուգում-ճշտումներից հետո ոստիկանները պարզեցին, որ երիտասարդներն այդ պահին թմրամիջոց են տեղադրում Ձորագետի կիրճ կոչվող տարածքում: Ոստիկանական խմբերը շտապ մեկնեցին նշված վայր, որտեղ հայտնաբերեցին երիտասարդներին, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Մեքենան վարում էր Երևանի Խուդյակովի փողոցի բնակիչ 37-ամյա տղամարդը, ուղևորը նույնպես մայրաքաղաքից էր` Ծարավ Աղբյուրի փողոցի 29-ամյա մի բնակիչ: Նրանք հայտնեցին, որ մեքենայում ընդհանուր մոտ 150 գրամ քաշով մարիխուանայի փաթեթներ կան, նաև ընդունեցին, որ տարբեր թաքստոցներում արդեն տեղադրել են նմանատիպ մոտ 30 փաթեթ: Անհերքելի փաստերի ճնշման տակ նրանք նաև խոստովանեցին, որ փաթեթները պետք է վաճառեին Տելեգրամ հավելվածի միջոցով:
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մարտի 1-ին, ցուցմունքի հավաստիությունը պարզելուն ուղղված քննչական գործողության ընթացքում, որին մասնակցում էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տաշիրի ու Թումանյանի ծառայողները, երիտասարդը մատնանշեց մարիխուանայով 25 փաթեթի թաքստոց Ձորագետի կիրճ կոչվող տարածքում և 9 փաթեթ՝ Ալավերդու տարածքում:
Քրեական վարույթի շրջանակում մարտի 2-ին խուզարկություն կատարվեց 37-ամյա տղամարդու մեքենայում: Բեռնախցիկից և սրահից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով տարբեր չափերի 416 փաթեթ, էներգետիկ ըմպելիքի երկու տարայում` թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշեզանգված և 10 սրվակ դեղին թանձր հեղուկ:
Նշանակվել են փորձաքննություններ: Երևանցի տղամարդիկ կալանավորվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: