Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրը այդպես էլ ընդունելության չարժանացավ Կարեն Անդրեասյանի կողմից. փաստաբան
Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրը դիմելուց հետո արդեն 5 օրվա ընթացքում այդպես էլ ընդունելության չարժանացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի կամ ԲԴԽ որևէ աշխատակցի կողմից, մարդիկ ժամանակ չունեին։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«ՀՀ քաղաքացու դիմումով արտահայտված խնդրանքը շատ պարզ էր՝ որդու մահվան վերաբերյալ քրեական գործը քննող դատավորին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնել ս/թ մարտի 12-ից հետո, քանի որ նշված օրը՝ պաշտպանական կողմի ճառով ավարտվելու էր արդեն 3 տարի տևող գործի քննությունը, իսկ նոր դատավորի պարագայում այն վերսկսվելու է և միանշանակ լրանալու են ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։
Դատաքննության ողջամիտ ժամկետների համար այդքան «մտահոգ», այդ մասին նույնիսկ ֆիլմեր նկարահանող պաշտոնյաներն, աթոռից չկտրվելով, անտեսեցին որդեկորույս ծնողին, ի վերջո՝ «հպարտ քաղաքացուն», ում որդին ՀՀ զինված ուժերի՝ մարտական հերթապահության ընդգրկված հետախուզական գնդի զինծառայող է եղել։ Դատավորն այսօր նշանակվեց Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում, ով միանշանակ արժանի պրոֆեսիոնալ է, սակայն քրեական գործը ամենայն հավանականությամբ վերսկսվելու է զրոյից։ Ձեր գլխին կպնեն ընդամենը կախյալ դատավորների վախը չափելու համար նկարահանված ձեր քաղաքական կինոները…։
Հ.Գ. Զինծառայողը մահացել է դեռևս 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզում մարտական առաջադրանքը կատարելուց հետո, հերթափոխով զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, երբ քաղաքացիական ավտոմեքենայի հարբած վարորդը բարձր արագությամբ հարվածել և կողաշրջել է զինծառայողներին թափքում տեղափոխող ՈՒԱԶ-ը»։