Թիվ 130 դպրոցի ուսուցիչներն անվստահություն են հայտնել տնօրենին. վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի ուսուցիչները անվստահություն են հայտնել տնօրենին։ Դպրոցի 63 ուսուցիչներից շուրջ 50-ը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան և ԿԳՄՍՆ՝ խնդրելով կասեցնել առերևույթ չարաշահումների և յուրացումների մեջ մեղադրվող տնօրեն Նվարդ Հովսեփյանի լիազորությունները։
«Մեր ուսուցչական կազմի 80 տոկոսի անունից այսօր տնօրեն Նվարդ Հովսեփյանին անվստահություն հայտնելու մասին գրություն ենք ուղարկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Գրության մեջ մանրամասն շարադրել ենք պատճառները»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ դպրոցի 63 ուսուցիչներից շուրջ 50-ը ստորագրել է տնօրենին անվստահություն հայտնելու փաստաթուղթը, որն իրենք նախաձեռնել էին նախորդ շաբաթ՝ տնօրենի կողմից դպրոցում ոստիկանական ուժեր կենտրոնացնելուց հետո։
Ուսուցչի խոսքով՝ այժմ դպրոցում իրավիճակը հանգիստ է, քանի որ ոստիկաններով շրջող և ուսուցիչների «քթից բերել» սպառնացող տնօրենն արձակուրդում է և չի գնում դպրոց։
«Այս պահին տնօրենի լիազորությունները կատարում է փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը։ Երկուշաբթի օրվանից դասերն ամբողջ ծավալով վերականգնել են, նորմալ, հանգիստ աշխատում ենք՝ առանց ինտրիգների, մեր մասնագիտական ու մարդկային արժանապատվությունը վիրավորող արատավոր բարքերի։ Վերջին մեկուկես տարում այսքան ներդաշնակ վիճակ չի եղել դպրոցում՝ թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտի, թե՛ կարգապահության տեսանկյունից»,-հավելեց ուսուցչուհին։
Aysor.am-ի հետ զրույցում փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ասելով, որ իրենց ասելիքը հստակ շարադրել են, թե՛ հրապարակային հայտարարություններում, թե՛ պատկան մարմիններին ուղղված գրություններում։
«Գործն այժմ իրավապահների ուշադրության կենտրոնում է։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Դպրոցում իրավիճակը հանգիստ է, մենք վերադարձել ենք բնականոն աշխատանքի», -ասաց նա։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից Factor.am-ին հայտնել էին, որ ՀՀ գլխավոր դատախազությունից Հակակոռուպցիոն կոմիտե է փոխանցվել Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցին առնչվող երկու քրեական վարույթ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Նվարդ Հովսեփյանի լիազորություններն առաջիկա օրերին, ամենյան հավանականությամբ, կկասեցվեն: