Գեներալը վեր կացավ, գրկախառնվեց ինձ ու ասաց՝ «Սաշկան հերոս է». ինձ համար արդեն պարզ էր, որ տղաս զոհվել է
Ընդամենը 21 տարեկան էր Ալեքսանդր Գարախանյանը, երբ Ադրբեջանն Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց 2023-ի սեպտեմբերին։ Հայրը՝ ՊԲ երկարամյա զինվորական Կարեն Գարախանյանը, MediaHub-ին պատմում է որդու անցած մարտական ուղու, նրա երազանքների մասին։
Չնայած տարիքին, նա մասնակցել է վերջին 2 պատերազմներին. «Մարտունի-2» զորամասի գրավումից հետո Ալեքսանդրն այնուհետև շարունակել է ծառայությունը 3-րդ պաշտպանական շրջանում, որից հետո պայմանագրային հիմունքներով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի զորամասում։ Զուգահեռ սովորում էր Գրիգոր Նարեկացի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում։ Պատերազմից առաջ որոշում էր կայացրել ԱԱԾ հատուկ նշանակության ուժերում զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանն ու կատարել մարտական բարդ առաջադրանք։
«Սեպտեմբերի 12-ին բարձրացավ դիրքեր։ Չեմ հիշում մի օր, որ բողոքեր կամ դժգոհեր ծառայությունից։ Մեր մտքով չի անցել, որ դա Սաշկայի վերջին հերթափոխն է։ Ճանապարհեցինք դեպի Ճանկաթաղի ուղղություն։ Այդ մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կապի մեջ ենք եղել։ Իսկ սեպտեմբերի 19-ին առավոտյան ժամը 10-ի կողմերում խոսեցինք, մի քիչ ավելի երկար զրուցեցինք։ Դա հոր ու որդու սովորական զրույց էր։ Էդքան խոսեցինք, ինքը մի բերան չասեց, որ լարվածություն կա, կուտակումներ կան։ Կեսօրին, արդեն գիտեք, սկսվեց պատերազմը, և ընդհատվեց կապը»,- ասաց Կարեն Գարախանյանը։ Կարենը, որ այդպես էլ կապ չկարողացավ հաստատել որդու հետ։ Միայն լսել է, որ Ճանկաթաղի 718 և հարակից մարտական դիրքերում մարտերը սովորականից թեժ են։
«Լուր իմանալու համար գնացի ԱԱԾ, այնտեղ ասացին, որ բջջային հեռախոսակապի ու ներքին կապի միջոցները խափանված են, իրենք էլ լուր չունեն։ Անորոշությունը շարունակվեց մի ամբողջ օր։ Ինձ կհասկանան այն ծնողները, որոնց զավակներն այդ օրերին եղել են դիրքերում։ Հաջորդ օրը ևս գնացի։ Բոլորը հուսահատ աչքերով ինձ էին նայում։ Մինչ կհարցնեի տղերքի մասին, գեներալ-մայոր Սամվել Սարգսյանը վեր կացավ տեղից, գրկախառնվեց ինձ ու ասաց՝ «Սաշկան հերոս է»... ինձ համար արդեն պարզ էր, որ տղաս զոհվել է։ Հետո պատմեցին, որ թշնամու 2 տանկ ու այլ զրահատեխնիկա է ոչնչացրել, իսկ դիրքի անձնակազմի հետ կասեցրել են հարյուրների հասնող ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացումը դեպի իրենց դիրքեր ու բնակավայրեր, տեղում ոչնչացրել նրանց»,- պատմեց մեր զրուցակիցը։
Ալեքսանդրը նշանադրված էր։ Պատրաստվում էր ամուսնանալ, կյանքը կապել առաջաձորցի Իլոնայի հետ։ Երազանքները կիսատ մնացին։
Կյանքն Իլոնային կրկնակի հարվածեց։ Նրա հայրը՝ Մխիթար Բաղմանյանն էլ անմահացավ 707 մարտական դիրքում։ Կարենն ափսոսում է, որ վերջին րոպեները որդու հետ չի եղել, ասում է, եթե նախապես ասեր կուտակումների մասին, ինքը կգնար, հայրություն կաներ բոլոր տղաներին․ «Ես էլ եմ եղել զինծառայող, ու եթե չկարողանայի նույնիսկ կռվել, հաստատ ինչ որ բանով օգտակար կլինեի, անգամ ճաշ կպատրաստեի, զինամթերք կմատակարարեի, Սաշկայիս կողքին կլինեի»։
Դիահերձարանում չնայած Ալեքսանդրի դին անճանաչելի էր, բայց հայրը ճանաչել է նրան։
«Կանգնել էի նրա դիակի կողքին ու սիրտս զգում էր, որ ինքն է, բայց ասացին պիտի ԴՆԹ թեստ հանձնեմ։ Ոտքերին, ձեռքին ու կրծքավանդակին գնդակային վնասվածքներ էին, իսկ մեջքը՝ բեկորային, հավանաբար նռնակ են պայթեցրել տղաների ուղղությամբ։ 718 մարտական դիրքում 9 հոգուց ողջ են մնացել երկուսը»,- ասաց նա։
Հոկտեմբերի 17-ին Ալեքսանդրի ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։