«Փաստ». Քաղաքական դաշտում «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում՝ «երրորդ ուժի» ձևավորման առումով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանում նոր ազգային իշխանություն ձևավորելու պահն ու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, և այդ հարցի շուրջ հասարակության մեծամասնության մոտ կոնսենսուս է ձևավորվել, արդեն կասկած չի հարուցում. դա են ապացուցում թե՛ տարբեր կենտրոնների կողմից հրապարակվող հարցումներն ու հետազոտությունները, թե՛ օդում թևածող հանրային տրամադրությունները։ Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ավելի քան 60 տոկոսը երկիրը առաջնորդող նոր քաղաքական ուժ է ցանկանում տեսնել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ներքաղաքական դաշտում ուշագրավ «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամենօրյա ռեժիմով զանազան հարթակներում հանդիպումներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների միջև, որոնք առայժմ չեն գաղտնազերծվում:
Այդ հանդիպումների հիմնական թեման երկիրը վերջնական կործանման տանող իշխանություններից օր առաջ ազատվելու նպատակով ռեսուրսների համախմբման, միավորման անհրաժեշտությունն է, այսպես ասած, «երրորդ ուժի» ստեղծման ճանապարհով:
Մենք ունենք տեղեկություններ, որ ցանկություն կա համախմբել ազգային արժեքներ կրող, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, «ո՛չ ռուսամետ, ո՛չ արևմտամետ» անձանց և ուժերի: Ըստ էության` փորձ է արվելու «Ղարաբաղ» կոմիտեի նմանությամբ շարժում ձևավորել, որտեղ լիդերներին, այսպես ասած, «օծեց» հրապարակը, ասել է թե՝ ժողովուրդը։ Ընդ որում, շրջանառվում են բավական հետաքրքիր, որոշ առումներով՝ նաև անակնկալ անուններ՝ որպես նշյալ համախմբման լիդերների թեկնածուներ:
Առայժմ հնարավորինս զերծ են մնում այդ անունները հրապարակայնացնելուց, սակայն, մեր տեղեկություններով, մոտ ապագայում արդեն իսկ կլինեն «խաղաքարտերը բացող» մի քանի հայտարարություններ՝ «երրորդ ուժի» դաշտում համապատասխան բևեռների ստեղծման մասին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։