Այլևս անընդունելի է ընտրողաբար մոտեցումը Ռուսաստանի և նրա հեղինակած ինտեգրացիոն ձևաչափերի նկատմամբ․ Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Անթալիայի դվանագիտական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հայտարարությունն առ այն, թե Մոսկվան ակնկալում է Երևանից հստակեցում տարբեր ինտեգրացիոն կառույցներում, ներառյալ ՀԱՊԿ-ում փոխադարձության սկզբունքով պայմանավորվածությունների կատարման հարցում, որոշակիորեն ուրվագծում է Ռուսաստանի մարտավարական քայլերի շրջանակը Հայաստանի հետ խնդրահարույց հարաբերություններում։
Կարելի է ենթադրել, որ հասկանալի պատճառներով արդեն ՌԴ-ում նախագահի ընտրություններից հետո՝ պայմանականորեն ապրիլին, Մոսկվան կձևակերպի Երևանին ուղղված ավելի հստակ հարցադրում՝ «կամ մնում եք Ռուսաստանի հետ բոլոր ինտեգրացիոն ձևաչափերում, կամ լքում բոլորը»՝ համապատասխան հետևանքներով։
Ասել է թե, այլևս անընդունելի է ընտրողաբար մոտեցումը Ռուսաստանի և նրա հեղինակած ինտեգրացիոն ձևաչափերի նկատմամբ։
Կարելի է նաև ենթադրել, որ այս հարցում Ռուսաստանին քաղաքական և քարոզչական լայն աջակցություն է ցուցաբերելու Բելառուսը։ Իսկ առաջիկա ամիսը ծառայելու է թեժ բանավեճերի, քաղաքական և քարոզչական նոր գործողությունների համար»։