Մելբուռնում մեկնարկել է Ավստրալիայի և ԱՍԵԱՆ-ի երկրների ղեկավարների հատուկ գագաթնաժողովը
Մելբուռնում բացվել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) և Ավստրալիայի հատուկ գագաթնաժողովը։ Ողջույնի խոսքում Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն ընդգծել է տարածաշրջանի երկրների համախմբման կարևորությունը՝ խաղաղության և բարգավաճման պահպանման համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում տարածաշրջանի ձևավորման համար այնպիսին, ինչպիսին մենք այն ցանկանում ենք տեսնել` խաղաղ, կայուն և բարգավաճող: Հավասարակշռությունը և իրավահավասարությունը պահպանող տարածաշրջան, որտեղ յուրաքանչյուր երկիր կարող է հետամուտ լինել իր սեփական ձգտումներին, որտեղ ոչ ոք չի իշխում և ոչ մի երկիր ստիպված չէ ենթարկվել», - ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ ԱՍԵԱՆ-ը պետք է մնա հարթակ, որը ներկայացնում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերը հավասարապես, ունակ՝ դառնալու ջանքերի համախմբման և ընդհանուր խնդիրների համատեղ լուծման վայր։
ԱՍԵԱՆ-Ավստրալիա գագաթնաժողովը Մելբուռնում կշարունակվի մինչև մարտի 6-ը։ Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ինտեգրման հարցեր և համագործակցության ընդլայնումը մի շարք բնագավառներում, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ։
Առանցքային թեմաներ կդառնան Մյանմայի ճգնաժամը և Հարավչինական ծովում որոշ երկրների տեսանկյունից վիճելի ջրատարածքների շուրջ ստեղծված իրադրությունը։ Գագաթնաժողովի օրակարգում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ձկնորսության կառավարումը, սկսնակ ղեկավարների կրթությունը և հակամարտությունների դեպքում մատակարարման շղթաների անվտանգության ապահովումը:
ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին և միավորում է 10 երկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: