Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով
Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Ինչպես տեղեկանում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի՝ շուրջ 1000 ներկայացուցիչների: Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն.
«Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է: Համահայկական իրականության ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում համահայկական միասնականությունը և գաղափարների ու լուծումների համատեղումը միակ ուղղորդող ճանապարհն են ներկայի բարեփոխման և կայուն զարգացման համար: Սփյուռքը և հայրենիքը կարիք ունեն ներգրավվածության և ներառականության նոր հնարավորությունների և ուղիների: Հայաստանը սփյուռքում և սփյուռքը Հայաստանում պետք է դառնան օրակարգային թեմաներ՝ ունենալով առավելագույն մասնակցություն համահայկական իրականության զարգացման բոլոր գործընթացներում: Այս համատեղ աշխատանքի և երկկողմ պատասխանատվության ստեղծման ճանապարհին հայ իրականության երկու հանգույցները՝ հայկական պետությունը և հայկական սփյուռքը, կարիք ունեն երկխոսության և համագործակցության նոր և դինամիկ հարթակների: Համաշխարհային հայկական գագաթնաժողովները նախ և առաջ ռազմավարական քննարկումների, փոխըմբռնման և լուծումների հարթակներն են»,- անդրադառնալով գագաթնաժողովի կարևորությանը՝ նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավվածություն ունեցող գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական, մշակութային, կրթական, գործարար և այլ կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը: Մասնակիցների վերջնական ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:
Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որին մասնակցություն են ունեցել 600-ից ավելի մասնակիցներ 50-ից ավելի երկրներից և 130 բանախոսներ 15 երկրներից: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է համահայկական նշանակության հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկները և հարցադրումները հիմք են հանդիսացել Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարության մշակման համար: