Իսրայելի զինվորականները կրկին կրակ են բացել Գազայում մարդասիրական օգնության սպասողների վրա
Իսրայելցի զինվորականները կրկին կրակ են բացել մարդասիրական օգնության սպասող պաղեստինցիների վրա։ Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
Ըստ առողջապահական համակարգում գործակալության աղբյուրների՝ սպանվել է մի քանի տասնյակ մարդ։
Նշվում է, որ հարվածը հասցվել է մարտի 3-ին Գազա քաղաքի Քուվեյթի ուղեբաժանքի շրջանում հավաքված մարդկանց, որոնք սպասում էին ալյուր տեղափոխող բեռնատարներին։ Զոհերի և վիրավորների մասին ստույգ տվյալներ առայժմ չկան։
Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ չի մեկնաբանել այս հաղորդումները։
Սա առաջին նման միջադեպը չէ անկլավում։ Փետրվարի 29-ին, պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով, Գազա քաղաքի հարավ-արևմտյան մասում մարդասիրական օգնության բաշխմանն սպասող բազմությանն իսրայելական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 117 մարդ, վիրավորվել՝ 760 մարդ։ Իսրայելը հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է հրմշտոցի ժամանակ և բեռնատարների տակ ընկնելու հետևանքով։ Ըստ իսրայելական կողմի՝ իսրայելցի զինվորները, որոնք հսկում էին տարածքը, նախազգուշական կրակոցներ են արձակել ամբոխի ուղղությամբ, քանի որ իրենց վտանգված են զգացել: