Հայիթիում արտակարգ դրություն է հայտարարվել հանցախմբերի հարձակման ընթացքում 12 զոհի և 4000 բանտարկյալի փախուստի պատճառով
Հայիթիի մայրաքաղաքում և դրա շրջակայքում 72-ժամյա արտակարգ դրություն և գիշերային պարետային ժամ է հայտարարվել երկու բանտերից բանտարկյալների փախուստի պատճառով։ Հանգստյան օրերին հանցախմբերը ներխուժել էին Պորտ-օ-Պրենսի մեծ բանտերից մեկը, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 12 մարդ և ազատ արձակվել մոտ 4000 բանտարկյալ, հաղորդում է BBC-ն։
Հանցախմբերի պարագլուխները պահանջում են երկրից դուրս գտնվող վարչապետ Արիել Հենրիի հրաժարականը։ Նրան հեռացնելու նպատակ ունեցող խմբավորումները վերահսկում են Պորտ-օ-Պրենսի շուրջ 80 %-ը:
Կառավարությունը հայտարարել է, որ հանգստյան օրերին գրոհի տակ է հայտնվել երկու բանտ՝ մեկը մայրաքաղաքում, մյուսը՝ մոտակա Կրուա դե Բուկե քաղաքում:
Պորտ-օ-Պրենսում բանտարկյալների թվում կան հանցախմբերի անդամներ, որոնք մեղադրվում են 2021 թվականին նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ:
Բռնությունները նոր թափ են ստացել փետրվարի 29-ից, երբ վարչապետ Արիել Հենրին մեկնեց Նայրոբի՝ քննարկելու Քենիայի գլխավորած բազմազգ անվտանգության ուժեր Հայիթի ուղարկելու հարցը:
Նախագահ Մոիզի սպանությունից հետո բռնությունների թիվը Հայիթիում աճել է: Նրա փոխարեն դեռ նոր նախագահ չեն ընտրել, իսկ երկրում ընտրություններ չեն անցկացվել 2016 թվականից։
Ըստ ձեռք բերված քաղաքական համաձայնագրի՝ ընտրություններ պետք է անցկացվեին, և չընտրված Արիել Հենրին պետք է հրաժարական տար մինչև փետրվարի 7-ը, բայց դա տեղի չի ունեցել։