Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու տերությունների աշխարհաքաղաքական հակադրությունները. քաղաքագետի հոդվածը
Պաշտոնական Երևանի և Բաքվի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի ղեկավար գործիչների բազում հայտարարություններն այն մասին, որ մինչ 2023 թ. ավարտը Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել, այդպես էլ իրականություն չդարձան։ Ավելին, անցյալ տարվա երկրորդ կեսի զարգացումները վկայեցին բազմաթիվ վերլուծաբանների և քաղաքական գործիչների այն համոզմունքը, որ պատմական այս փուլում Ալիևի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու մտադրություն չունի և դեռևս առաջնորդվում է հայկական կողմից հնարավորինս շատ զիջումներ կորզելու, իր կամքը պարտադրելու քաղաքականությամբ։
Այն, որ Ալիևը չի շտապում, պարզ է և հասկանալի. Ադրբեջանի ղեկավարը կարողացել է լիարժեք վերահսկողության տակ վերցնել Արցախը և արտաքսել այնտեղի հայ բնակչությանը։ Նա լուծված է համարում իր առջև դրված ոչ միայն նվազագույն, այլև այն խնդիրները, որոնց մասին երազել անգամ չէր կարող։ Իսկ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ալիևը ձեռքբերածը կորցնելու որևէ վտանգ չի տեսնում, ինչը վստահություն է տալիս նրան առ այն, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում չի շտապում նաև Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող և անընդհատ խաղաղության դարաշրջանի ու խաղաղության խաչմերուկի մասին խոսող Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս չշտապելու իր պատճառներն ունի, որոնցից ամենակարևորը թերևս այն մտավախությունն է, որ «խաղաղության պայմանագիր» կոչվող թղթի տակ ստորագրելուց հետո աշխարհաքաղաքական կենտրոնները կարող են իր առաքելությունը ավարտված համարել և այլևս չաջակցել Հայաստանում իշխանություն պահելուն։ Բացի դրանից՝ Փաշինյանը լավ գիտի, որ ստորագրվելիք փաստաթղթում Հայաստանի համար որևէ դրական կետ չի լինելու, ինչը կարող է լուրջ հարցեր առաջացնել նաև երկրի ներսում։
Հետևաբար երկու երկրների ղեկավարները՝ Ալիևն ու Փաշինյանը, լուռ համաձայնությամբ ձգձգում են բանակցային գործընթացը, մեկը՝ հույսով, որ ժամանակը նոր հնարավորություններ կբերի իր երկրին և անձամբ իրեն, մյուսը՝ տհաճ զարգացումները հետաձգելու պարզ մտադրությամբ։ Այս հարցում Փաշինյանն ու Ալիևը դաշնակիցներ են և միասին փորձում են ստեղծված իրողություններն այնպես ներկայացնել, որ թե՛ միջազգային հանրությունը և թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները հասկանալի և ընկալելի համարեն դրանք և հանդես չգան իրենց ծրագրերը խաթարող նախաձեռնություններով։
Որպես բոլորին մոլորեցնելու գործիք ընտրված է, այսպես կոչված, «նամակագրական բանակցությունների» ձևաչափը, որի շրջանակներում փետրվարի սկզբին ադրբեջանական կողմը «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ իր առաջարկությունների ու շտկումների 8-րդ փաթեթն է ուղարկել Հայաստան։ Ինչպես հայտնում են այդ փաթեթի բովանդակությանը ծանոթացած խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները, նշված փաստաթղթում Հայաստանի շահը որևէ կերպ արտացոլված չէ։ Եվ սա ամենևին էլ զարմանալի չէ։
Սակայն վերոնշյալը ստեղծված քաղաքական իրավիճակի միայն մի մասն է արտահայտում։ Իրականում արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ ավելի ընդգրկուն և բովանդակալից են, քան Փաշինյանի և Ալիևի նեղ անձնական շահերը։ Սա աշխարհաքաղաքական խնդիր է, որի շրջանակում կենսական նշականության նպատակներ են հետապնդում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ն և այլ կենտրոններ։ Ահա այստեղ է, որ ի հայտ են գալիս հայ-ադրբեջանական հակամարտության բազում այլ բաղադրիչներ, որոնք մեծապես ազդում են ընթացիկ զարգացումների վրա։
Խոսքը նախևառաջ վերաբերում է այն նպատակներին, որոնք տարածաշրջանում ունեն աշխարհաքաղաքական կենտրոնները։ Դրանք բավական հայտնի են և շատ բացահայտ են հետապնդվում Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի ու այլ երկրների կողմից։ Բնականաբար, հենց այդ ծրագրերով ու դրանց ետևում կանգնած տերությունների գործունեության արդյունավետությամբ են պայմանավորված բոլոր այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում Հարավային Կովկասում և որոնք պետք է կանխորոշեն մեր տարածաշրջանի ապագան։ Ալիևն ու Փաշինյանը պարզապես փորձում են իրենց տեղն ամրապնդել հովանավոր տերությունների ծրագրերում և այդ կերպ իշխանություն պահել Հայաստանում և Ադրբեջանում։ Ակնհայտ է, որ այս զարգացումներում երկուսի հովանավորները աշխարհաքաղաքական տարբեր ուժեր են։ Եթե Փաշինյանը մտել է Արևմուտքի հովանոցի տակ, ապա Ալիևը կատարում է Թուրքիայի և ինչ-որ չափով նաև Ռուսաստանի պատվերները։ Սրանով է պայմանավորված թե՛ խաղաղության պայմանագրի կնքման ձգձգումը և թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կոնֆլիկտայնության բարձր մակարդակի պահպանումը։
Ռուսաստանն ու Արևմուտքը Հարավային Կովկասում խիստ հակադիր նպատակներ են հետապնդում։ Աշխարհաքաղաքական երկու այս բևեռների համար տարածաշրջանը կենսական կարևորություն ունի։ Պատճառները շատ են։ Բայց հիմնականը ապագայում հաստատվելիք նոր աշխարհակարգն է, որի ձևավորման գործընթացը ներկայում ամենաակտիվ փուլում է։ Վերջին տասնամյակների զարգացումներում սա նոր իրողություն է Հարավային Կովկասի համար. Ռուսաստանն ու Արևմուտքը այս տարածաշրջանում երկար ժամանակ խուսափել են մրցակցությունից։ Նույնիսկ հակառակը՝ մի շարք հարցերում, օրինակ՝ հենց արցախյան հակամարտության խնդրում, նրանք համագործակցել և փոխլրացրել են միմյանց։ Բացառություն էին միայն 2008 թ. վրաց-օսական, ապա դրան հետևած ռուս-վրացական հակամարտությունները, որոնք, սակայն, երկարաժամկետ առումով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ չդարձան։ Եվ միայն հիմա է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը առճակատվել են մեր տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից։ Որպես այդ խնդրի լուծման ուղի նրանք տեսնում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունների կարգավորման միջոցով տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունն անիմաստ ու ժամանակավրեպ դարձնելը։ Խնդրի լուծման գործիքը ՀՀ իշխանություններն են, որոնք տարիներ շարունակ նույն Արևմուտքի կողմից պատրաստվել են այդ դերի համար։ Ընդ որում, ասելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունների լուծում՝ Արևմուտքը որևէ տարբերություն չի տեսնում, թե այսպես կոչված, լուծման արդյունքում հակամարտող կողմերից ով ինչ կստանա․ կլինի Արցախն անկախ, թե՞ Ադրբեջանի կազմում, կճանաչվի Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ… Ու քանի որ ՀՀ իշխանությունները մեծ պատրաստակամությամբ են զիջումների գնում, իսկ Ադրբեջանն էլ արևմտյան ճամբարում Թուրքիայի պես հզոր հովանավոր ունի, ուստի բոլոր խնդիրները Հարավային Կովկասում Արևմուտքը լուծում է հենց Հայաստանի հաշվին։
Ռուսաստանն իր հերթին պայքարում է ոչ միայն մեր, այլև հետխորհրդային ողջ տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու և մեծացնելու համար։ Այսպես՝ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախում խաղաղապահ զորախմբի տեղակայումը, ինչպես նաև Ռուսաստանի միջնորդական դերը պաշտոնական Մոսկվան որպես մեծ ձեռքբերում էր ներկայացնում ոչ միայն իր բնակչությանը, այլև միջազգային ողջ հանրությանը։
Սակայն, պայքարելով ողջ հետխորհրդային տարածաշրջանի համար, Ռուսաստանի իշխանությունները որոշակի առաջնահերթություններ են սահմանել աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներում՝ առաջնայնությունը տալով ոչ թե Հարավային Կովկասին, այլ Ուկրաինային։ Այդ է պատճառը, որ Ուկրաինայում հաջողելու նպատակով ռուսական կողմը պատրաստ է ժամանակավոր զիջումներ անել այլ, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում։ Այստեղ Կրեմլի խնդիրը դեռևս նվազագույնն է՝ պահպանել ռազմական ներկայությունն ու ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասից ուկրաինական ճակատի համար նոր խնդիրներ չառաջանան։ Ասել է թե՝ Հարավային Կովկասում համագործակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և այդ կերպ չեզոքացնել Սև Ծովի ավազանում ու Ուկրաինայում Թուրքիայի հնարավոր հակառուսական դերակատարությունը։ Այս ամենը Ռուսաստանն անում է կրկին Հայաստանի հաշվին՝ ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ իշխանություններն Արևմուտքի դրածոներն են ու սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ Վաշինգտոնի և Բրյուսելի շահերը։
Իրականում ռուսական էլիտաները հասկանում են, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական գործոնի ուժեղացումն ապագայում մեծ խնդիր է դառնալու Ռուսաստանի համար։ Այդ իսկ պատճառով Մոսկվան չի հրաժարվում հետագայում Արցախի հայ բնակչության վերադարձի և ընդհանրապես տարածաշրջանում Հայաստանի ազդեցության վերականգնման ծրագրերից։ Դրա մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախում մնալ և պաշտպանել այնտեղի մեր հայրենակիցների գույքը։ Բայց, ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանի համար դեռևս ուկրաինական ճակատն է առաջնահերթություն, և դա, ինչպես նաև ՀՀ իշխանությունների արևմտամետ ու թուրքամետ լինելը, շարունակում են դժբախտություններ բերել մեր երկրին ու ժողովրդին։
Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք առճակատման հաջորդ հարթությունը տարածաշրջանի կոմունիկացիոն հնարավորություններն ու ենթակառուցվածքներն են։ Եվ սա հենց այն ոլորտն է, որտեղ Թուրքիան (նաև Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի կցորդ) առաջարկ ունի թե՛ Ռուսաստանին և թե՛ Արևմուտքին։ Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը նույնպես կախված է կոմունիկացիաների հարցում աշխարհաքաղաքական մրցակցության ելքից։ Հայաստանի համար դա հերթական խնդիրն է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, Թուրքիան մեծ դերակատարում ունի այս ոլորտում և կարողանում է իրավիճակ փոխող քայլեր կատարել։
Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է հստակ ասել, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը և հատկապես խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորված են լինելու ոչ թե Ալիևի ու Փաշինյանի ջանքերով, այլ աշխարհաքաղաքական մրցակցության արդյունքում ձևավորված ուժերի ու ազդեցությունների նոր բալանսով։ Մինչ այդ մրցակցության ավարտը Հայաստանն ու Ադրբեջանը շարունակելու են գործիք լինել ավելի մեծ տերությունների ձեռքում։ Պրոքսի պատերազմների այս ժամանակաշրջանում, ցավոք, դա է նորմալը։ Սակայն նաև դատավճիռ չէ։ Նույն Ալիևի և Փաշինյանի օրինակները ցույց են տալիս, որ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքականություն է վարում փոքր երկրի ղեկավարը, ինչպես է կողմնորոշվում արտաքին ուժերի շահերի բախման տիրույթում, այդ երկիրը կարող է թե՛ մեծ հաջողություններ և թե՛ մեծ կորուստներ ունենալ։ Եթե Հայաստանում լիներ ազգային և հեռատես իշխանություն, հնարավոր էր՝ մենք կարողանայինք խուսափել վերջին տարիների ողբերգություններից։ Լինի Հայաստանում ազգային և հեռատես իշխանություն, հնարավոր է՝ մենք դեռևս կարողանանք վերականգնվել և կրկին ազատագրել մեր Արցախը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դրօշակ» թիվ 2, 2024թ.