Հայ ժողովրդի հիվանդությունը փողի երկրպագության մեջ է. մինչև չբուժվենք, չենք ունենա ուժեղ պետություն. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Մենք չենք ընդունում, որ հիվանդ ենք, մի բան էլ պախարակում ենք նրան, ով համարձակվում է նման բան ասել: Մենք էլիտա չունենք, որ մի բան էլ հիվանդ լինի: Չի կարող հիվանդ ժողովուրդն ունենալ առողջ էլիտա և հակառակը. հիվանդ էլիտան չի կարող ձևավորել առողջ հանրություն,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Մեզ բաժին հասած կատակլիզմներին, աղետներին, պատերազմներին լավագույնները զոհվեցին։ Այդ կատակլիզմների հետևանքով սերուցքը ոչնչացվել է, մնացել է մրուրը։ Բնականաբար շատ երկար ժամանակ է պահանջվում, որ մրուրից ձևավորվի նոր սերուցք: Ժամանակի հետ պետք են նաև քաղաքականություն, գաղափարախոսություն, կրթություն. անհույս չէ վիճակը, բայց երբ տեսնում ենք, որ ախտորոշումը չենք ուզում ընդունել, վիճակը դառնում է անհույս։
Ի՞նչ ասեմ սփոփիչ, ասե՞մ՝ ոչինչ, որ Արցախը տանուլ տվեցինք: Վերջին 150 տարում միայն կորցրել ենք, Արցախը չէինք կորցրել, այն էլ կորցրինք: Այսքանից հետո ապաշխարություն չկա, չենք ընդունում, որ մեր սխալով կորցրինք, միշտ ուրիշներն են մեղավոր: Երանի ես սխալվեմ, թող Արցախը վերադարձնենք, բայց չի կարելի փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ։
Սրոազանի գնահատմամբ իշխանության վերընտրվելը վկայում է այն մասին, որ մարդիկ հաշտ են այս իրողություններին. հակառակ դեպքում իշխանությունը վաղուց փոխված կլիներ։
«Հայ ժողովուրդը չի ուզում փոխվել, չի ուզում հեռուն նայել, չի ուզում ոտքի կանգնել, ուզածը միայն փողն է: Հայկական հիվանդությունը փողի, ունեցվածքի նկատմամբ սարսափելի երկրպագության մեջ է. մինչև չձերբազատվենք դրանից, չենք ունենա ուժեղ պետություն»:
Զրույցն ամբողջությամբ տեսանյութում։