ԱՄՆ-ն հաստատել է բրիտանական բեռնատար նավի խորտակումը հութիների հարվածից
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների հրթիռային հարվածի հետևանքով Կարմիր ծովում բրիտանական բեռնատար նավի խորտակման մասին:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ մարտի 2-ին, ժամը մոտավորապես 02:15-ին, բելիզյան դրոշով, բրիտանական Rubymar նավը խորտակվել է Կարմիր ծովում՝ հութիների հականավային բալիստիկ հրթիռի հարվածից:
Ըստ աղբյուրի՝ նավով տեղափոխվող մոտ 21 հազար տոննա պարարտանյութը՝ ամոնիումի սուլֆատը, Կարմիր ծովում հայտնվելով, բնապահպանական վտանգ է ներկայացնում: Բացի այդ՝ խորտակվող նավը կարող է վտանգավոր լինել ջրային ծանրաբեռնված ուղով ընթացող այլ նավերի համար:
Ավելի վաղ հութիները հայտարարել են, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիների աջակցությանը՝ պնդելով, որ իրենք չեն միջամտում տարածաշրջանում ազատ նավարկությանը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հութիների թիրախներին՝ դա որակելով պատասխան Կարմիր ծովում ազատ նավարկության սպառնալիքներին: