Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը
Պակիստանի Ազգային ժողովի կողմից նոր վարչապետ է ընտրվել «Պակիստանյան մուսուլմանական լիգա-Նավազ» կուսակցության ներկայացուցիչ Շեհբազ Շարիֆը:
Ինչպես փոխանցում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը, Պակիստանի ԱԺ խոսնակ Այազ Սադիքը հայտարարել է, որ պատգամավորների 201 կողմ քվեներով երկրի վարչապետ է ընտրվել Շեհբազ Շարիֆը, որի մրցակից Օմար Այուբի թեկնածության օգտին էլ քվեարկել է 92 պատգամավոր:
Այպիսով՝ երկրի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը:
Նա 16 ամիս ղեկավարել է Պակիստանի կոալիցիոն կառավարությունը 2022 թվականին՝ Իմրան Խանի պաշտոնանկությունից հետո, մինչև խորհրդարանի լուծարումը, որով հիմք ստեղծվեց համապետական ընտրությունների համար: Շեհբազը նախկինում զբաղեցրել է Պակիստանի ամենախիտ բնակեցված Փենջաբ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը: