Դասընթացը հնարավորություն է տալիս լրագրողներին ծանոթանալու բուժաշխատողների էթիկայի հայաստանյան հանձնաժողովի գործունեությանը
Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ լրագրողների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց։
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, հիբրիդային այս հանդիպումը լրագրողների համար հնարավորություն է ծանոթանալու բուժաշխատողների էթիկայի հայաստանյան հանձնաժողովի գործունեությանը, ինչպես նաև` նմանօրինակ եվրոպական հանձնաժողովների փորձին։
Մեր երկրում շուրջ մեկ տարի է, ինչ գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովը, որին կարող են դիմել թե՛ պացիենտները, թե՛ բուժաշխատողները, որոնք կարծում են, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները։
Անկախ անդամներից կազմված այս հանձնաժողովում քննվում են միայն այն խնդիրները, որոնք վարչական կամ քրեական պատասխանատվություն չեն ենթադրում, բայց հանձնաժողովի որոշման արդյունքում բուժաշխատողը ոչ միայն կարող է նկատողություն ստանալ, այլև հնարավոր է՝ ընդհուպ որոշ ժամանակով կասեցվի նրա գործունեությունը։
Իրազեկման հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։