ՀԱՄԱՍ-ը հայտնում է Գազայում յոթ պատանդի զոհվելու մասին Իսրայելի հարձակումների հետևանքով
Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է իսրայելցի 7 պատանդ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է «Սինհուա»-ն:
Գործակալությունը նշում է, որ նման տեղեկություն է տարածել ՀԱՄԱՍ-ի ռազմականացված «Իզ էդ-Դին ալ-Քասամի բրիգադներ» խմբավորումը: Հաղորդվում է, որ խմբավորումը կորցրել է կապը պատանդներին հսկող իր մարտիկներից մի քանիսի հետ, ավելի ուշ պարզելով 7 գերու մահվան հանգամանքը: Խմբավորման անդամներն առայժմ հայտնել են միայն երեք զոհված իսրայելցիների անունները՝ խոստանալով մյուսների մասին տեղեկություն հաղորդել առաջիկայում:
Հայտարարության համաձայն՝ հակամարտության սկզբից ի վեր իսլամիստական խմբավորումը իսրայելցի տասնյակ պատանդների է պահում Գազայում, որոնցից ավելի քան 70-ը սպանվել է իսրայելական ռազմական գործողությունների արդյունքում: Հունվարին իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ Գազայի հատվածում դեռևս պահվում է 136 մարդ, այդ թվում՝ հիվանդներ, վիրավորներ, ծերեր, երեխաներ և կանայք։