Հայաստանի բնապահպանների դեմ գործերը գրանցվել են միջազգային ռեեստրներում, հաջորդիվ կդիմեն Եվրադատարան․ Վարդանյան
Լրագրողների, փաստաբանների, բնապահպան-ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումները ողջ աշխարհում դատապարտելի են։ Նույնիսկ տարբեր միջազգային կազմակերպություններ գրանցում են նման դեպքերն ու հետևում դրանց ընթացքին։
Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը։
«Շատ երկրներում արդեն կան օրենքներ, որոնք արգելում են նման մոտեցումները։ Այդ գործերը դատարաններում անվանում են SLAPP (ռազմավարական) գործեր։ Այսինքն՝ եթե կան հետապնդման տարրեր ,ապա առհասարակ վարույթ չեն ընդունվում։ Հայաստանում ևս կարիք կա նման փոփոխությունների»,- նշեց Նազելի Վարդանյանը։
Մինչդեռ Հայաստանում հակառակ պատկերն է։ Հանքարդյունաբերող ընկերություննրը բնապահպաններին լռեցնելու համար հայցեր են ներկայացնում դատարաններ և որպես կանոն գործը շահում են։ Ինչպես օրինակ դա եղավ լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանի դեպքում, երբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն շահեց դատը և նա ստիպված եղավ վճարել ավելի քան 1 մլն 200 հազար դրամ։ Հիմա էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ՝ պահանջելով հերքում և բռնագանձում 6 մլն դրամ։
Նազելի Վարդանյանի խոսքով՝ բնապահպանների նկատմամբ դատարանների միջոցով ճնշման դեպքերը վերջին երեք տարիների ընթացքում ավելացել են։
«Սա վտանգավոր տենդենց է, քանի որ կարող է մեծ մասշտաբների հասնել։ Թեև ոչ մի արդյունքի չեն հասնում, քանի որ բնապահպաններին այդ միջոցով չեն կարող լռեցնել, բայց , բոլոր դեպքերում անհարմարություններ են ստեղծվում՝ դրամական վճարումների բեռ բնապահպանների վրա, նյարդային վիճակ և այլն։ Սա նախևառաջ պատիվ չի բերում բիզնեսի ներկայացուցիչներին, թեև դիմում են դատարան իբրև հեղինակությունը վերականգնելու համար, սակայն ճիշտ հակառակն է ստացվում։ Հանրությունը շատ բացասական է գնահատում, բայցի դրանից մեր գործերը գրանցվում են միջազգային ռեեստրներում՝ որպես անթույլատրելի գործեր։ Բացի այդ, այս բոլոր գործերը գնում են Եվրադատարան և հետո մեր բյուջեից պետք է վնասի հատուցումներ տրվեն։ Ինչի՞ համար, զուտ նրա համար, որ ինչ-որ մի բիզնես ինչ-ինչ հարցեր է ուզում լուծել»,- ասաց իրավաբան-էկոլոգը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։