Ռուսաստանն է մեզ փաստի առաջ կանգնեցրել. Արմեն Գրիգորյան
ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դիվերսիֆիկացիայի պահանջը շատ օբյեկտիվորեն է ստեղծվել։ Ինչպես է եղել, որ մենք որոշել ենք, որ պետք է դիվերսիֆիկացնենք։ Առաջին հերթին, երբ որ 2021 թվականից սկսած փորձել ենք զենք գնել ՌԴ-ից, պայմանագրեր ենք կնքել իրենց հետ։ Մենք բանակի բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումները իրականացնենք։ Բայց այդ բարեփոխումների փոխարեն, մայիսին, նոյեմբերին Հայաստանի վրա հարձակումներ են տեղի ունեցել։ ՌԴ-ն չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը, ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև՝ գնված զենքը, որը կազմում էր 250 միլիոն, 2021 թվականին կնքված պայմանագրեր են։ Եվ մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել և այդ գործընկերներից հայտնիներից մեկը Հնդկաստանն է, վերջերս Ֆրանսիան է դարձել, Եվրամիության տարբեր երկրներ և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել։
Հայաստանը 2020 թվականին ռազմատեխնիկական իր ամբողջ համագործակցության 96 տոկոսը ՌԴ-ի հետ էր, 2021 թվականի հունվարից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ։ Այդ պայմանագրերի մեջ, այս պահին ՌԴ-ի ծավալը 10 տոկոսից ցածր է կազմում»,- նշել է նա:
ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ ՌԴ-ից միտք է հնչել, երբ որ զենք մատակարարեն ՀՀ-ին, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան։
«Ռուսաստանն է մեզ կանգնեցրել փաստի առաջ։ Համատեղ, պաշտոնական հանդիպումների ժամանակ ՌԴ-ից մի միտք է հնչել, երբ որ զենք մատակարարեն ՀՀ-ին, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, դրա համար զենք չեն մատակարարում։ 2020 թվականից, երբ տեսել ենք, որ այդ համակարգը չի աշխատում, մենք սկսել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այլընտրանքներ ունենք, որպեսզի ՀՀ-ի անվտանգությունը ապահովենք։ Այսինքն քայլերը եղել են այն պատճառով, որ անվտանգության համակարգը չի աշխատել և երկկողմ, և բազմակողմ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։վԴրանք, երբ որ չեն աշխատել ՀՀ-ն սկսել է այլընտրանքներ փնտրել»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հակառուսական հայտարարություններ էին հանդես եկել նաև Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը: