ԵԱՏՄ-ն դեռ հեռու է միասնական արժույթ ներդնելուց, պետք է զարգացնել միասնական վճարային համակարգերը․ Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դեռևս հեռու է միասնական արժութային համակարգ՝ նույն դրամը ներդնելուց, սակայն անհրաժեշտ է զարգացնել միասնական վճարային համակարգերը, որը թույլ կտա համաշխարհային այս վիճակում, երբ կիրառվում են պատժամիջոցներ, այլ երկրների հետ իրականացնել փոխանցումներ, ձևավորել բարենպաստ բիզնես միջավայր։
Այս մասին Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում այդ և ևս հինգ երկրների համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ (2008-2014), Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
«Միասնական արժութային համակարգի ներդրումը քննարկվում է վերջին տաս տարվա ընթացքում, ինչ ձևավորվել է Եվրասիական տնտեսական միությունը։ Այս հարցը հատկապես ակտուալ է Եվրամիության օրինակով, երբ խորը տնտեսական ինտեգրացիայի դեպքում ներդրվեց եվրոն։ Բայց մենք այս պահին շատ հեռու ենք միասնական դրամային համակարգ ստեղծելուց», - ասել է նա։
Ըստ Սարգսյանի, այսօր բավական ակտուալ է միասնական վճարային համակարգի ստեղծումը հատկապես պատժամիջոցների առկայության դեպքում։ «ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է միասնական վճարային համակարգ, որպեսզի հեշտացվեն գործընթացներն այն երկրների հետ, որոնք համագործակցում են կազմակերպության հետ», - հավելել է նա։