Բորելը դատապարտել է Գազային մարդասիրական օգնության բաշխման ժամանակ հասցված հարվածը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է անվանել հարվածը Գազայի հատվածին՝ այնտեղ մարդասիրական օգնության բաշխման ժամանակ։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Ինձ սարսափեցնում են խաղաղ բնակիչների շրջանում հերթական արյունալի սպանդի մասին լուրերը Գազայում, որտեղ հումանիտար օգնության հուսահատ կարիք կա։ Այդ մահերը բացարձակապես անընդունելի են», - գրել է Բորելը։
Նա հավելել է, որ «մարդկանց պարենային օգնությունից զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է»՝ կոչ անելով ապահովել հումանիտար օգնության անարգել մուտք Գազայի հատված։
Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազա քաղաքի հարավ-արևմուտքում մարդասիրական օգնության բաշխմանն սպասող մարդկանց խմբի վրա իսրայելական ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 112-ի։ Տուժել է 760 մարդ։
Արևմտյան շատ երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիան, Կանադան և Իսպանիան, դատապարտել են այդ հարձակումը։
Իսրայելը հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է հրմշտոցի ժամանակ և բեռնատարների տակ ընկնելու հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելական զորքերը, որոնք հսկում են տարածքը, նախազգուշական կրակոցներ են արձակել ամբոխի ուղղությամբ, քանի որ իրենց վտանգված են զգացել: