ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին
ԱՄՆ Սենատը 77 «կողմ» և 13 «դեմ» ձայներով օրինագիծ է ընդունել կարճաժամկետ ծախսերի մասին, որը կառավարության ֆինանսավորումը դադարեցնելու (շաթդաունի) սպառնալիքը առաջիկա հանգստյան օրերից տեղափոխում է ամսվա վերջ, հաղորդում է The Hill-ը:
Նախքան օրինագծի քննարկումը Սենատում, դրան հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 320 կոնգրեսական, դեմ՝ 99։
Փաստաթուղթը նախատեսում է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման հերթական երկարաձգում մինչև մարտի 8-ը և 22-ը՝ շաթդաունը կանխելու համար։
Մինչև մարտի 8-ը կպահպանվի գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, բնակարանաշինության և քաղաքների զարգացման, վետերանների գործերի, էներգետիկայի, արդարադատության, առևտրի, էներգախնայողության և մյուս գերատեսչությունների ֆինանսավորումը։
Իսկ մինչև մարտի 22-ը օրենսդիրները պետք է որոշակիություն մտցնեն 2024 ֆինանսական տարվա ընթացքում Պենտագոնի, իշխանության օրենսդրական մարմնի և արտասահմանյան գործողությունների, ինչպես նաև աշխատանքի, առողջապահության և սոցիալական ծառայությունների, կրթության, պետական ու ներքին անվտանգության նախարարությունների ֆինանսավորման հարցում:
Այժմ օրինագիծը կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։