Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 17:09-ին Պազարչիկի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Անցյալ տարվա փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, երկրորդի էպիկենտրոնը Էլբիստանի շրջանում էր։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքական իշխանությունները երկրաշարժերն անվանեցին «դարի աղետ», ավելի քան 53 հազար մարդ զոհվեց, ավելի քան 107 հազարը վիրավորվեց։