Կաթողիկոսն ընդունել է եկեղեցասեր հայորդիների
Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հանրային կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ եկեղեցասեր հայորդիների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Ներկայացնելով խմբի անդամներին, Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ եկեղեցասեր հավատացյալների խմբում ընդգրկված են տարբեր բնագավառներում ճանաչում և հարգանք վայելող անձինք, որոնց միավորում են հոգևոր, բարոյական արժեքները, Մայր Եկեղեցու նկատմամբ հավատարմությունը։
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով հայորդիներին, գնահատեց վերջիններիս ազգանվեր ու եկեղեցասեր ոգին և նախանձախնդրությունը քրիստոնեական սուրբ հավատքի ու ազգային նվիրական արժեքների նկատմամբ։
Նորին Սրբությունը հաստատեց, որ Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտների ու դժվարությունների, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական ու ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և ջանքեր գործադրել ի նպաստ բարոյական ու ազգային արժեհամակարգի անաղարտ պահպանման։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռի կողմից արցախահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը»։