ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը հրապարակային ներողություն կխնդրի հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից․ դատարանը հրապարակել է վճիռը
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը փետրվարի 28-ին վճիռ է հրապարակել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցով՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի: Դատարանը վերջինիս պարտավորեցրել է Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով։
Դատարանը վճռել է`
1․ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի հայցն ընդդեմ Ռուստամ Զուրբայի Բաքոյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի։
1․1․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանին պարտավորեցնել ներողություն խնդրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից վիրավորական արտահայտությունների համար հրապարակային հետևյալ տեքստով․ «Ես՝ Ռուստամ Զուրբայի Բաքոյանս, ներողություն եմ խնդրում Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից «Դուք ուղեղ չունեք», «էս անուղեղին բացատրեք…», «Ա՛յ պարոն խեղկատակ», «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք», «Տո ի՞նչ բացատրի էս խեղկատակը», «Անասուն», «Դու թյուրիմացություն ես», «Դու չկաս էնքան, որ պատասխանես հարցերին», «Ա՛յ տիկին Ղազարյան, քեզ խի են բերել ստեղ», «Դու շատ փոքր ես, լսո՞ւմ ես, արա՛, դու շատ փոքր ես, այ տղա», «Սուս մնա, արա՛» վիրավորական արտահայտությունների համար։
1․2․ Ներողության տեքստը հրապարակել վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը սկզբնապես հրապարակած կայքի (ՀՀ ազգային ժողովի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում կամ «1in TV» լրատվականի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում) միջոցով:
2․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում։
3․ Հայցը՝ մնացած մասով, մերժել։
4․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
5․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 50,000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի մասով վճարված պետական տուրքի գումար։
6․ Մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Վճռի կատարում ենթադրող մասը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Էդգար Ղազարյանն ընդդեմ Ռուստամ Բաքոյանի հայցադիմումը դատարան ներկայացրել էր նախորդ տարվա ապրիլի 9-ին: