130 դպրոցում դասարանները դատարկ են, տնօրենն ու ոստիկանները այսօր դպրոց չեն ներկայացել. ուսուցչուհի
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում լարվածությունը պահպանվում է:
Դպրոցում ինչպես երեկ, այսօր ևս դասարանները դատարկ են: Տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից երկու օր շարունակ դպրոցում ոստիկանական ուժեր կենտրոնացնելուց հետո, ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ վախի մթնոլորտի պատճառով:
«Այսօր ևս դասապրոցեսը ամբողջովին տապալված է, մենք ուսուցչական կազմով փոխտնօրենների հորդորով զանգահարում ենք ծնողներին, խնդրում ենք երեխաներին ուղարկել դպրոց, բայց համատարած ստանում ենք պատասխան, որ երեխաները մեծ սթրես են տարել, ահաբեկված են դասարաններում ոստիականների ներկայությունից, և մինչև իրավիճակը չհանդարտվի, դպրոց չեն ուղարկելու»,-Aysor.am-ին ասաց թիվ 130 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը:
Ուսուցչուհու խոսքով՝ այսօր տնօրենը և վերջինիս կողմից արդեն երկու օր դպրոցում տեղակայվող ոստիկանական ուժերը դեևս չեն եկել:
«Չգիտեմ, թե ուր է տնօրենը և, անկեղծ, այլևս հետաքրքիր չէ: Երեկ ամբողջ օրը միջանցքում իր մի քանի համախոհների հետ նստած, բարձրաձայն ծիծաղում էր և սպառնում՝ իր դեմ հայտարարություն արած ծնողների և ուսուցիչների «հախից գալ»: Այսօր դեռ չի ժամանել դպրոց, խնդրում եմ իրենից պարզեք՝ որտեղ է»,-ասաց ուսուցչուհին՝ հույս հայտնելով, որ համապատասխան մարմինները քայլեր կձեռնարկեն լարվածությունը թոթափելու և դպրոցի բնականոն գործունեությունը վերականգնելու համար:
Aysor.am-ը փորձեց կապ հաստատել Ն. Հովսեփյանի հետ, սակայան, նրա հեռախոսն անջատված էր: Տնօրենի ընդունարանից մեզ հայտնեցին, որ նա այսօր դպրոց չի գնացել:
Հիշեցնենք, որ Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում մի քանի օր է՝ քաոսային իրավիճակ է: Տեսչական ստուգումների արդյունքում հայտանաբերված առերևույթ չարաշահումներից հետո, տնօրեն Նվարդ Հովսեփյանը հարկադրել է փոխտնօրեններին՝ հորդորել աշակերտներին և ծնողներին կեղծ վկայություն տալ ստուգող մարմնին: Փոխտնօրենները հրաժարվել են կատարել Ն. Հովսեփյանի պահանջը և լիազորությունները դադարեցնելու դիմում են ներկայացրել: Չարաշահումների մասին հաղորդագրությունից հետո, Ն. Հովսեփյանը դպրոցում սկսել է շրջել ոստիկանական մեծաթիվ ուժերով, երեխաներն ու ուսուցիչները ստիպված են եղել դպրոց մուտք գործել ոստիկանական պատի միջով: