ՔՊ-ականներին անհանգստացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին անհանգստացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ։
«Այո՛, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, երբ որոշումներ կլինեն, կիմանանք բոլորս»,- ԱԺ ճեպրազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ իշխանությունը պաշտոնավարման 6-րդ տարում «գլխի ընկավ», որ ռուս սահմանապահները խնդրահարույց են «Զվարթնոց»-ում՝ ՔՊ-ականն արձագանքեց. «Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, այլ՝ տարիների ընցաքում, հետևաբար, յուրաքանաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, գործողություններ ու որոշումներ»։
Նա ասաց, թե, ցավոք, ուշ են «գլխի ընկել», որ ՀԱՊԿ-ը չի աշխատում։
«Սա նշանակում է, որ պետք է գնալ ու խնդիրը լուծել»,- հավելեց նա։