Գազա քաղաքի գնդակոծման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել
Առնվազն 104 մարդ է զոհվել և 760-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի արևմուտքում իսրայելական գնդակոծության հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահական գերատեսչության խոսնակին:
Նշվում է, որ մարդկանց բազմությունը հավաքվել էր՝ սպասելով հումանիտար օգնության։ Ըստ ականատեսների՝ իսրայելական զորքերը կրակ են բացել, երբ մարդիկ ալյուր և պահածոյացված ուտելիք էին վերցնում բեռնատարներից։
Իսրայելի ռազմական գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ միջադեպում իրենց զորքերի դերակատարության վերաբերյալ։
Մարդասիրական ընկերությունները հաղորդում են, որ Գազայի հատվածի մեծ մասում հնարավոր չէ հումանիտար օգնություն մատակարարել, քանի որ դժվար է այդ ամենը համակարգել Իսրայելի բանակի հետ, ինչպես նաև հաշվի առնելով շարունակվող ռազմական գործողությունները։ Ըստ ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում բնակվող 2,3 մլն պաղեստինցիների մեկ քառորդը սովամահության վտանգի տակ է, բնակչության 80 %-ը տեղահանվել է իրենց տներից։
Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել պաղեստինյան անկլավում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 30 000-ը։