Վարչապետին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում. Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022թ․ մարտի 14-ին։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը: Մեր պետության եւ տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ սպասարկել ազգային-պետական շահերը»,- անդրադառնալով իր նշանակմանը՝ այդ ժամանակ հայտնել էր Մարուքյանը: